63 տարեկան կինը դիմել է «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Կոլոպրոկտոլոգիայի բաժանմունք՝ գանգատվելով հետանցքից ուղիղ աղիքի արտանկումից, հեշտոցի լորձաթաղանթի արտանկումից, կղազատման խանգարումից, անկղապահությունից։
Հետազոտությունների արդյունքում ախտորոշվել է ուղիղ աղիքի արտանկում, անալ սֆինկտերի (սեղման) անբավարարություն, ռեկտոցելե 3-րդ աստիճանի (հեշտոցի հետին պատի իջեցում)։
Ուղիղ աղիքի արտանկման դեպքում հիմնականում կատարվում է ռեկտոպեկսիա՝ ըստ Քյումելի (որովայնային-կոնքային մուտքով ուղիղ աղիքը ֆիքսվում է սրբոսկրին):
Այս պացիենտի դեպքում շեքի շրջանից կատարվել է ուղիղ աղիքի արտանկված հատվածի լորձաթաղանթի դիստալ ռեզեկցիա (մասնահատում)՝ մկանային շերտի պլիկացիայով դեպի սֆինկտեր՝ ըստ Դելորմի, միաժամանակ կատարվել է սֆինկտերոլեվատորոպլաստիկա՝ ռեկտոցելեի վերացումով։
Այսպիսով, միաժամանակ իրականացված երկու վիրահատությունների արդյունքում վերացվել է ուղիղ աղիքի արտանկումը, կատարվել է նաև հեշտոցի հետին պատի պլաստիկա, առաջային և հետին սֆինկտերոպլաստիկա անկղապահությունը վերացնելու, հիվանդության կրկնման հավանականությունը նվազեցնելու նպատակով:
Վիրահատությունը իրականացրել են Կոլոպրոկտոլոգիայի բաժանմունքի բժիշկ-պրոկտոլոգ Արթուր Ղարագուլյանը, ասիստենտ Ֆլորա Ավանեսյան, անեսթեզիոլոգ՝ Աշոտ Փամբուխչյան:
Հետվիրահատական շրջանն անցել է հարթ, զննվել է 2 ամիս անց, պաթոլոգիա չկա, գանգատներ չի նշում:
Դելորմի վիրահատության առավելություններն են՝ քիչ տրավմատիկ է, վիրահատությունը կատարվում է շեքի շրջանից, առավել ֆիզիոլոգիական է՝ բարելավվում է հետանցքի սֆինկտերի աշխատանքը ուղիղ աղիքի մկանային շերտի պլիկացիայի հաշվին, ստացիոնար շրջանը ավելի կարճ է, ռեցիդիվի (կրկնության) հավանականությունը մոտ 10 տոկոս։
Վիրահատական այս միջամտությունը հատկապես ցուցված է ուղեկցող հիվանդությունների, ավելորդ քաշի, անալ սֆինկտերի արտահայտված անբավարարության, անկղապահության դեպքում։
.png)